COVID-ի հետ կապված չարաշահումների գործով շուրջ մեկ տասնյակ նոր անձինք են ձերբակալվել

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով ձերբակալվել են նոր անձինք: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվածները «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ բժիշկներ են:

Տեղեկատվության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ քրեական վարույթի շրջանակում ապրիլի 6-ին նոր անձինք են ձերբակալվել: Սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

Քրեական վարույթով կալանավորված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը 2020-2022-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը:

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ:

Մեկնաբանել