Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը»:

«Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,- նշում են վարչապետի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և «դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ»։

Մեկնաբանել