Վարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի փոխքարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին։

«Վարչապետն ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել