Վրաստանի խորհրդարանը կասեցրել է ընդդիմադիր լրագրողների հավատարմագրումը

Ձախից՝ Սոպո Գոզալիշվիլի, Ռուսուդան Դումբաձե, Իրակլի Մուրմանիշվիլի, Տատյա Ցոցոնավա, Զուկա Չխվիրկիա։ Լուսանկարները՝ Ֆեյսբուքից:

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանը կասեցրել է Mtavari, Pirveli և Formula հեռուստաալիքների երեք լրագրողների և երկու օպերատորների հավատարմագրումը այն բանից հետո, երբ նրանք փորձել են խորհրդարանական մեծամասնության անդամներից մեկնաբանություններ ստանալ շարունակվող սկանդալների մասին:

Նշյալ հեռուստաալիքներն առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներ են, որոնք պարբերաբար լուսաբանում են վրացական քաղաքականությունը, ամենշաբաթյա հաճախականությամբ հետաքննական նյութեր հրապարակում։

Pirveli հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Նոդար Մելաձեն հինգշաբթի դատապարտել է խորհրդարանի որոշումը, որով լրագրող Ռուսուդան Դումբաձեին և օպերատոր Իրակլի Մուրմանիշվիլիին մեկ ամսով արգելվում է լուսաբանել խորհրդարանի աշխատանքները։

«Խորհրդարանի անդամը պարտավոր է պատասխանել լրագրողի հարցին […], լրատվամիջոցների պարտականությունն է հարցեր տալ,- ասել է Մելաձեն,- Վրաստանի խորհրդարանը հավատարմագրման նոր կանոններն օգտագործում է լրագրողներին ճնշելու և լրագրողական գործունեությունը խոչընդոտելու համար»։

Մելաձեն նկատի է ունեցել լրատվամիջոցների համար սահմանված «վարքագծի կանոնները», որոնք խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ներկայացրել էր մարտին՝ որպես ԱԺ աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների հավատարմագրման նորացված կանոնների մաս: Նոր կանոնները լրագրողներին պարտավորեցնում են դադարեցնել հարցազրույցը, եթե պատգամավորը, աշխատակազմի անդամը կամ հյուրը համաձայն չեն հարցազրույց տալ։

Հատավարմագրումը մերժված աշխատակիցներին կարող են փոխարինել համապատասխան լրատվամիջոցի ներկայացրած այլ աշխատակիցներ կասեցման մեկամսյա ժամկետի ավարտից հետո միայն:

Pirveli հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավարն ասել է, որ իրենց անձնակազմը ենթարկվել է «խտրականության» միայն նրա համար, որ «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր և մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեին հարց է տվել մի քանի դատավորների նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների մասին։

Նույն օրն ավելի ուշ Պապուաշվիլին հերքել է լուրերը, թե կասեցումների պատճառը լրագրողների տված հարցերն են՝ նշելով, թե արգելքի իրական պատճառը պատգամավորների նկատմամբ լրագրողների «ոտնձգություններն» են:

«Ճնշման գործիք»

Վրաստանի լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիան խստորեն դատապարտել է լրագրողների հավատարմագրման կասեցումը։ Ուրբաթ տարածած հայտարարությունում կոալիցիան իր անհամաձայնությունն է հայտնել «վարքագծի կանոնագրքի» վերաբերյալ, որը, ըստ նրանց, ներկայացվել է առանց վրացական լրատվամիջոցների «օրինական շահերը» հաշվի առնելու։

Նոր կանոնները, պնդել է կոալիցիան, «վտանգավոր են լրագրողների համար և կարող են օգտագործվել որպես գործիք․․․ խմբագրական քաղաքականության վրա ճնշում գործադրելու համար»։

Ուրբաթ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին «խնդրահարույց» է որակել նոր կանոնները և կոչ է արել Պապուաշվիլիին փոփոխել դրանք, որպեսզի այդ կանոնները «թույլ չտան անհիմն միջամտություն» լրագրողների աշխատանքին։

Խորհրդարանի այս որոշումը ուրբաթ դատապարտել է նաև ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեն՝ խորհրդարանի խոսնակին կոչ անելով չեղարկել նոր կանոնները:

Պապուաշվիլիի նախաձեռնած «վարքագծի կանոնագիրքը» առաջին անգամ կիրառվել է մարտի սկզբին Tabula ամսագրի մեկ և Publika անկախ լրատվական կայքի երեք լրագրողների խորհրդարանի աշխատանքները լուսաբանել արգելելու համար հենց այն ժամանակ, երբ խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում էր օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի նախագիծը:

Լրատվամիջոցների աշխատակիցներն առաջինն էին, որ փետրվարի վերջին բողոքեցին օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ, բողոք, որն իր գագաթնակետին հասավ փողոցային հանրահավաքներով, որոնց մեկ շաբաթ անց արդեն տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Խորհրդարանի խոսնակը բազմիցս սահմանափակել է թե՛ հյուրերի, թե՛ լրագրողների մուտքը խորհրդարանի շենք՝ հայտարարելով, թե դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս միջոցը սովորաբար օգտագործվում է «վարքագծի նոր կանոնագրքի» ներդրումից թե՛ առաջ, թե՛ հետո:

«Լրագրողի գործն է պատասխաններ ստանալը»

Հինգշաբթի կասեցվել է նաև Mtavari հեռուստաընկերության լրագրող Տատյա Ցոցոնավայի և օպերատոր Զուկա Չխվիրկիայի հավատարմագրումը այն բանից հետո, երբ նրանք փորձել են իշխող մեծամասնության պատգամավորներից մեկնաբանություններ ստանալ վրացի բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ:

Ցոցոնավան OC Media-ին ասել է, որ իրենք ընդամենը փորձում էին օրենսդիրներից մեկնաբանություն ստանալ այդ հարցի շուրջ, որը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

«Մենք միայն ուզում էինք իմանալ, թե արդյոք [պատգամավոր Էլիսո Բոլկվաձեն] պատասխանատվություն զգում էր այն օրենքներին աջակցելու համար, որոնք ուժեղացնում են [ազդեցիկ դատավորների] «կլանը», որն էլ ենթարկվել է պատժամիջոցների,- ասել է Ցոցոնավան։- Լրագրողի գործն է պատասխաններ ստանալը, և մենք էթիկայի նորմերի սահմաններում փորձել ենք ստանալ նրա պատասխանը»։

Ցոցոնավան հերքել է, թե Բոլկվաձեն ոտնձգության է ենթարկվել։ «Նա կանգնած էր վերելակի մոտ, և մենք հարցեր տվեցինք։ Մենք նրան չենք հետապնդել աստիճաններով կամ նման այլ բան չենք արել»,- ասել է նա:

«Ես մտադիր չեմ փոխել մարտավարությունը, քանի որ չեմ կարծում, որ սխալ կամ ոչ էթիկական բան եմ անում»,- հավելել է նա:

Formula հեռուստաընկերության լրագրող Սոպո Գոզալիշվիլիի հավատարմագրումը նույնպես դադարեցվել է մեկ ամսով այն բանից հետո, երբ պատգամավորներին հարցրել է նրանց դիրքորոշումը իշխանամետ փորձագետ և իշխանամետ POSTV-ի համասեփականատեր Շալվա Ռամիշվիլիին ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ:

Գոզալիշվիլին OC Media-ին ասել է, որ փորձել է պարզել, թե արդյոք «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Նինո Ցիլոսանին և Գրետա Ցիցավան իրենց համերաշխությունն են հայտնում Ռամիշվիլիի ենթադրյալ զոհերին, սակայն նա նշել է, որ պատգամավորները միայն նյարդայնացել են իր հարցերից։

Գոզալիշվիլին հավելել է, որ խորհրդարանը փաստացի Formula-ին արգելել է մեկ ամսով լուսաբանել խորհրդարանի աշխատանքները, քանի որ իրեն չեն կարող փոխարինել մինչև չլրանա մեկամսյա ժամկետը:

Ցոցոնավայի պես նա նույնպես վստահեցրել է, որ «չի խոստանա օրենսդիրներին, որ կդադարեցնի նրանցից իր պատասխաններն ստանալու փորձերը», անկախ նրանից, որ խախտման կրկնվելու դեպքում հավատարմագրումը կարող է կասեցվել վեց ամսով։

«Ակնհայտ է, որ սա իրենց քննադատող լրատվամիջոցներին խեղդելու ևս մեկ փորձ է, որպեսզի նրանք լռեցնեն խորհրդարանում մեր հնչեցրած հարցերը… Կարծում եմ, որ նրանք ի վերջո շրջապատված կլինեն իրենց քարոզչական լրատվամիջոցներով և իրենց համար հարմարավետ միջավայր կապահովեն»,- հավելել է նա:

Մեկնաբանել