ԱԱՀ-ի վերադարձը կարևոր է, բայց պետք է լինի հիմնավորված

Սերգեյ Մուրադյան, «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն

Հաշված օրերի ընթացքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձը կարևոր է տնտեսության համար, բայց առավել կարևոր է, որ այդ վերադարձները լինեն հիմնավորված։

2022-ի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին է վերադարձրել մոտ 212 մլրդ դրամ ԱԱՀ:

ԱԱՀ-ն այնպիսի հարկ է, որ եթե մի տնտեսվարող դեբետագրում (կուտակում) և հետ է ստանում պետական բյուջեից, ապա մյուսը պետք է այն վճարի պետական բյուջե։ Սակայն այստեղ առկա են մի շարք նրբություններ…

Ըստ էության՝ գոյություն ունի երկու ընթացակարգ՝ ստանդարտ (ուսումնասիրության միջոցով), և պարզեցված (առանց ուսումնասիրության և ավելի արագ):

Երկու դեպքում էլ կարելի է բախվել նույն խնդրին, որ ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը պատշաճ ուսումնասիրությամբ չի ուղեկցվում: Դրա վառ ապացույցներից մեկն է այն, որ ՊԵԿ-ը այս գծով չի օգտագործում վարչարարությամբ նախատեսված ողջ գործիքակազմը։ Օրինակ, 2022-ին որևէ անգամ ուսումնասիրությունների ընթացքում մասնագետներ չեն ներգրավվել և որևէ փորձաքննություն չի իրականացվել: Մինչդեռ մի շարք ոլորտներում՝ շինարարություն, առողջապահություն և, ինչու չէ, այլ ոլորտներում ևս, կարող են տեղի ունենալ խեղաթյուրումներ, մասնավորապես՝ անապրանք փաստաթղթեր ստանալու, գործունեության հետ չառնչվող ապրանքներ և/կամ ծառայություններ ստանալու մասով:

Մեկ անապրանք փաստաթղի հայտնաբերմամբ կարելի է գտնել մի շարք սխեմաներ կամ դեպքեր։ Իսկ թե որտեղից են գալիս այդ անապրանք փաստաթղթեր մատակարարողների ԱԱՀ-ի գերավճարները, արդեն, կարծում եմ, լրացուցիչ վերահսկողության առարկա է:

Պետք է հստակ ուսումնասիրել նաև ԱԱՀ-ի հաշվանցման (դեբետագրման) սահմանափակումները:

Դեպքեր կան, երբ վերջնական սպառող ֆիզիկական անձի փոխարեն դե յուրե վերջնական սպառող է հանդիսանում իրավաբանական անձը:

Դեպքեր կան, երբ վաճառքները տեղի են ունենում շուկայական գների կոպիտ խախտումներով, որից առաջացած բացասական ԱԱՀ-ն վերադարձվում է:

Վերահսկողության ոչ պատշաճ իրականացման պատճառները շատ են, որոնք առանձին վերլուծության առարկա են:

Եվ, ընդհանրապես, եթե տնտեսությունը մեծանում է, մեծանում է նաև վերահսկողության ենթակա սուբյեկտների ծավալը։ Մոտ համամասնությամբ պետք է մեծանա նաև վերահսկողների քանակը կամ կիրառվի հսկողական գործառույթների ավտոմատացում:

Վերահսկողության պատշաճ մակարդակը ոչ միայն ուղիղ ազդեցություն ունի պետական եկամուտների հավաքագրելիության գործում, այլև ստեղծում է հավասար պայմաններ բիզնեսի համար:

Մեկնաբանել