Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը

Ավելի քան երեսուն տարի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում արտաքին լուսավորություն չի եղել: Բնակիչներն ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին: Փողոցային լուսավորության՝ ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում համայնքին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ):

Նոր տեխնոլոգիաներով աշխատող էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլով 2022-ի տարեվերջին տեղադրվել է 43 LED լուսարձակ, լուսավորվել 1550 մ երկարությամբ՝ երկրորդական փողոց: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 81 LED լուսարձակ, լուսավորվել է 3000 մ ճանապարհ:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է՝ բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքների համար. էականորեն կրճատվում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ապահովում են բարձր լուսատվություն, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Հեռավոր մարզերում կայուն զարգացում ապահովելու՝ գործընկեր կազմակերպությունների ձգտումը դառնում է իրատեսական: Երիտասարդ սերնդի համար նման ծրագրերը կարևոր խթան են ծննդավայրում ապրելու և զարգացման հեռանկար տեսնելու առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ:

Մեկնաբանել