Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը նախորրդ տարի՝ 2022-ի օգոստոսի 11-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական այն ծրագրերը, որոնց վերջնաժամկետները կապալառուները կխախտեն, չեն տեղափոխվի հաջորդ տարի, իսկ կապալառուները կպատժվեն։
«Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել` այն երևույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք՝ պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն։ Անբարեխիղճ շինարարները վերջապես պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել»,- հայտարարել էր Սանոսյանը։
#CivilNetCheck-ը պարզել է, որ չնայած ՏԿԵ նախարարի այս պնդումներին, որոշ կապալառուներ, այնուամենայնիվ, «ներվել են», իսկ վերջնաժամկետները՝ տեղափոխվել։
2022-ին անավարտ մնացած 23 տենդերների վերջնաժամկետները երկարաձգվել են
ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ 2022-ին 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ անավարտ են մնացել, տեղափոխվել են 2023: Ժամկետները խախտած որևէ կապալառու սև ցուցակում չի հայտնվել և որևէ պայմանագիր չի լուծվել։
Անավարտ մնացած և տեղափոխված ճանապարհաշինարարական 23 տենդերներից 7-ը վերաբերում է միջպետական, 7-ը՝ հանրապետական և 4-ը մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը, իսկ 5-ը ավտոճանապարհների միջին նորոգմանը:
ՏԿԵ նախարարությունը պատճառաբանում է, որ աշխատանքները 2022-ին սահմանվածի պես չավարտելու հիմնական պատճառներից մեկը բնակավայրերով և դրանց մոտակայքով անցնող ճանապարհահատվածներում աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նախագծային որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն է եղել։
Մյուս պատճառը, ըստ նախարարության, 2022-ի նոյեմբերի ընթացքում եղանակային պայմանների վատթարացումն է եղել։ ՏԿԵՆ-ը վստահեցնում է` «ցածր ջերմաստիճանի և տեղումների ժամանակ ասֆալտապատում չի իրականացվում»։ Վերոնշյալ պատճառները նախարարությունը համարել է հիմնավոր։
ՏԿԵՆ-ից նշում են, որ այլ՝ ոչ հիմնավոր պատճառներով սահմանված ժամկետները խախտած 12 կապալառուների նկատմամբ տույժ կնշանակվի՝ «տույժի չափը պարզ կլինի կապալառուի կողմից կատարված աշխատանքները պատվիրատուին ընդունման ներկայացնելուց հետո»։
Ընդհանուր 12 կապալառուներին տուգանելու որոշման մասին նախարարության պնդումը դեռ ստուգելի չէ, քանի որ գնումների gnumner.minfin.am և armeps.am կայքերում փաստաթղթերի մի մասը ուղղակի բացակայում է:
Առկա համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պայմանագրերը մեծամասամբ ուղղակի տեղափոխվել են հաջորդ տարի՝ առանց կապալառուների նկատմամբ նշանակված տույժերի և տուգանքների։ Միայն հինգ կապալառուների հետ հրապարակված համաձայնագրերում է հստակ նշված վերջնաժամկետի տեղափոխման և կիրառվող տույժի մասին։
Ըստ ստացված տվյալների՝ 2022-ին պետբյուջեով ի սկզբանե նախատեսվել էր ճանապարհների հիմնանորոգման համար ծախսել 46 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսը կազմել է ավելի շատ՝ 47,8 մլրդ դրամ, և նախատեսված 300 կմ-ի փոխարեն հիմնանորոգվել է 301,5 կմ։
Միջին նորոգման աշխատանքների համար նախատեսվել էր տրամադրել 7,7 մլրդ դրամ, որը թերակատարվել է՝ փաստացի ծախսվել է 7,5 մլրդ դրամ և 164,14 կմ-ի փոխարեն միջինը նորոգվել է 154 կմ։ Մնացած մոտ 10 կմ ճանապարհի նորոգման աշխատանքները կկատարվեն 2023-ի ընթացքում։
Ընդհանուր, ըստ ՏԿԵՆ-ի տվյալների՝ 2022-ին վերանորոգվել է մոտ 480 կմ ճանապարհ, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհից՝ 50 կմ, և սուբվենցիոն ծրագրերով համայնքային ճանապարհներ։ Նախարարության այս տվյալները վիճարկում են «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները։