Արևմուտքը կօգնի Սիրիային Իրանի հետ հարաբերությունները խզելու դեպքում․ Վալիդ Մուալլեմ

Արևմտյան դիվանագետները Սիրիային խոստացել են կարգավորել ճգնաժամը երկրում՝ պայմանով, որ Դամասկոսը կխզի հարաբերությունները Իրանի և շիական «Հեզբոլլահ» խմբավորման հետ, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը։

«Երբ ճգնաժամը սկսվում էր, արևմտյան մի դիվանագետ մեզ ասաց, որ ճգնաժամի հետևում առկա կարևոր խնդիրները հարաբերություններն են Սիրիայի և Իրանի, Սիրիայի և «Հեզբոլլահի», Սիրիայի և «Համասի» միջև։ Եթե մենք կարգավորենք այս հարցը, նրանք մեզ կօգնեն հաղթահարել ճգնաժամը։ Սակայն ոչ ոք մեզ չասաց, թե ինչու է Սիրիային արգելվում հարաբերություններ ունենալ Իրանի հետ, որի հետ սերտորեն կապված են Ծոցի շատ երկրներ»,- հայտարարել է Սիրիայի արտգործնախարարը բրիտանական Independent պարբերականին տված հարցազրույցում։

Նա չի նշել ճգնաժամի հաղթահարման հարցում Դամասկոսին «օգնություն» խոստացած դիվանագետի ազգությունն ու աստիճանը։ Ինքը՝ Մուալլեմը, կարծում է, որ այդպիսի պահանջը պայմանավորված է եղել ամերիկյան Brookings Institution հետազոտական կենտրոնի զեկույցում արտահայտված դիրքորոշմամբ։

««Ճանապարհ դեպի Թեհրան» վերնագրով այդ զեկույցում արտահայտված էր այսպիսի տեսակետ՝ եթե դուք ցանկանում եք զսպել Իրանին, պետք է սկսեք Դամասկոսից»,- հավելել է նա։

Դիվանագետը նշել է նաև, որ Սիրիայի իշխանությունների կարծիքով՝ «Դամասկոսի դեմ գործող հիմնական խաղացողը ԱՄՆ-ն է, որը մնացած պետություններին դարձրել է գործիք»։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Սա Սիրիայի արտգործնախարարի առաջին հարցազրույցն էր արևմտյան լրատվամիջոցին ճգնաժամի սկսելուց ի վեր։

Մեկնաբանել