Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Վարույթի շրջանակում Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել 4 դրվագով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Մեղադրանք է ներկայացվել նաև երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

«Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում): Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել