Պետությունը դեմ է «ՄՏՍ-Հայաստան»-ի վաճառքին, գործարքը տապալվել է

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի փոխանցմանը համաձայնություն տալու դիմումը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է ՀԾԿՀ-ի ապրիլի 12-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման՝ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի փոխանցման գործարքին բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, ու գործարքին համաձայնությունը մերժվել է, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ այդ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։

Ըստ որոշման՝ «ՄՏՍ Հայաստան»-ի հնարավոր գնորդն էր Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը, որը մտադիր էր գնել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետիրական շղթայում ընդգրկված «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ մանրամասներից, թե կոնկրետ ինչ պատճառով է ԱԱԾ-ն դեմ արտահայտվել գործարքին, իրեն այլ մանրամասներ չեն հայտնել։ Նրա տեղեկացմամբ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս պիտի եզրակացություն ներկայացներ, և այդ եզրակացությունը հիմնվել է ԱԱԾ եզրակացության վրա։

«ՄՏՍ Հայաստան»-ի գնորդը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունն է, որը գրանցվել է Կիպրոսում մոտ մեկ տարի առաջ։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Մանոլիս Տարչանիդիս անունով մի անձ է, որը ներգրավված է տասնյակ այլ ընկերություններում ևս՝ որպես տնօրեն ու բաժնետեր։ Կան հիմնավոր կասկածներ, որ Տարչանիդիսը ընկերության իրական սեփականատերը չէ, և նա չէ «ՄՏՍ Հայաստան»-ի իրական գնորդը։

Գարեգին Բաղրամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ընկերության սեփականատիրոջ հե՞տ է կապված խնդիրը, պատասխանեց՝ տեղեկություն չունի. «ԱԱԾ-ն ստուգում է գործարքի կողմին՝ գնորդ կողմին։ Եթե խնդիր է, խնդիրը գնորդ կողմի հետ է, այլ բան չի կարող լինել»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։ ՀԾԿՀ հասցեագրված հայտում գործարքի գնի մասին որևէ տվյալ չի եղել։

«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի թեման շրջանառվում էր օգոստոս ամսից։ Հոկտեմբերին ներկայացրել էինք այն գործարարների շրջանակը, որոնք հետաքրքրված էին հեռահաղորդակցության օպերատորի ձեռքբերմամբ։ Այդ թվում էին 1xbet հանրահայտ բուքմեյքերական ըներության սեփականատերերը, «Թիմ տելեկոմ»-ի հիմնադիր Հայկ և Ալեքսանդր Եսայանները, քննարկվում էր նաև «ՄՏՍ Հայաստան»-ի նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից «ՄՏՍ Հայաստան»-ը գնելու հնարավորությունը։ Ավելի ուշ Յիրիկյանը դարձավ մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի գլխավոր տնօրենը։

Մեկնաբանել