Նոբելյան մրցանակակիրները կդասախոսեն Երևանում

Նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան Նոբելյան մրցանակակիրները` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագրի շրջանակում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաղորդագրության համաձայն` դասախոսությունները հիմնականում նախատեսված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականների և ուսանողների համար: Նոբելյան մրցանակակիր երկու գիտնականներ՝ 2001թ. «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ասպետ Թիմ Հանթը և 2008թ. «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին, կանդրադառնան քաղցկեղի առաջացման պատճառներին:

Դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Բացի այդ` ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը և կբարձրացվի վերջինիս մրցունակությունը։

Մեկնաբանել