Արցախում բարեփոխումները պետք է անցնցում իրականացնել․ պետնախարար

ստեփանակերտ

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանին։ Պետնախարարը խոսել է Արցախի ներքին խնդիրների մասին՝ էներգետիկ ճգնաժամ, ֆինանսատնտեսական ճգնաժամ, գնաճ, բնակապահովման խնդիրներ, բարեփոխումներ, հիմնադրամներ և կոռուպցիա, կադրային քաղաքականություն, գյուղատնտեսություն և պատերազմ: Հարցազրուցից որոշ հատվածներ ներկայացվում են ստորև։

Հավելյալ էներգիայի աղբյուրների մասին

«Բնականաբար, մեր առաջնահերթություններից է և մեր առջև դրված խնդիրներից է էլեկտրաէներգիայի խնայողության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, էներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը։ Առաջիկայում ուզում ենք սկսել տարբեր ծրագրեր։ Որոշ դեպքերում արդեն որոշակի փորձ ունենք և այդ առումով հաջողություն կունենանք, բայց որոշ դեպքերում հավելյալ աշխատանքներ պիտի կատարենք, որպեսզի հասկանանք՝ որքանով հավելյալ էներգիայի աղբյուրներ ձեռք բերելու ջանքերը արդյունք կունենան։ Բայց բոլոր դեպքերում պիտի պարտադիր աշխատենք այդ ուղղությամբ»,- հաջորդ ձմռանը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալու մասին ասաց Ներսիսյանը։

Հունվարի 9-ին Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարից հետո Արցախը մնաց ներքին էներգապաշարների հույսին, ինչն ապահովում է ներքին պահանջարկի միայն 57 տոկոսը։ Մինչ օրս Արցախում շարունակվում են հովհարային անջատումները՝ խնայելու Արցախի գլխավոր հէկի՝ «Սարսանգ հէկի» պաշարները։ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից ավելի շատ ջուր է բաց թողնվում էներգիա ստանալու համար, քան մուտք գործող ջրային պաշարները։ Թեև ներկայում վիճակը այդքան աղետալի չէ, որքան ձմռանը, «Սարսանգ հէկից» բացի գարնանային տեղումների շնորհիվ 40 տոկոսով սկսել են աշխատել գետերի վրա կառուցված փոքր հէկերը, որոնց օգտակար գործողոության գործակիցը ձմռանը չնչին է լինում։

Այս պահին Հայաստանից հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չկա

Շրջափակումը թեև տնտեսական վնասներ է հասցրել, բայց նաև կրճատվել են բազմաթիվ ծախսեր, որոնք նախատեսված էին բյուջեով․ այսպես պատասխանեց պետնախարարը հարցին, թե արդյոք Հայաստանից ֆինանսական օժանդակությունը մեծացնելու ակնկալիք կա։

«Մենք փորձում ենք մեր բյուջեի նախատեսված միջոցների սահմաններում կառուցել մեր բոլոր միջոցառումները ու ծախսերը։ Բայց հավելյալ միջոցների ներգրավման դեպքում համապատասխան մարմինները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց Ներսիսյանը և ավելացրեց, որ այս պահին նման խնդիր չկա։

Բնակապահովման սերտիֆիկատների հետ կապված խնդիրները լուծելի են

Ներսիսյանին հարց ուղղվեց նաև տեղահանված ընտանիքների բնակապահովման սերտիֆիկատների վերաբերյալ․ անձանց, որոնք ցանկանում են բնակվել Արցախում, բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել բնակարանի գնման համար, չնայած որ պետությունն է պարտավորվել վճարել դրա դիմաց։ Միգուցե բանկերը վախենո՞ւմ են, թե ապագայում Արցախն էլ վճարունակ չի լինելու: Լուծվե՞լ կամ լուծվո՞ւմ է այս հարցը:

«Այս ուղղությամբ, իհարկե, քայլեր ձեռնարկվում են, բնականաբար, երբ խոսքը վերաբերում է բանկային համակարգին, նրանք ներկայանում են որպես առևտրային կազմակերպություններ, ցանկացած իրավիճակում գնահատում են տրամադրվող միջոցների և հետագայում դրանց վերադարձնելու ռիսկայնությունը։ Մշտապես նրանց կողմից գնահատվում է։ Բայց այս պարագայում կան ընդամենը տեխնիկական կամ բանակցությունների հետ կապված խնդիրներ, որոնք լուծվում են, և պետությունը, ի վերջո, բանկերի համար լավագույն երաշխիքն է տրամադրված վարկային միջոցների վերադարձման։ Առանձին դեպքերում հստակ պայմանավորվածություններ կան, որոշ դեպքերում շարունակվում են բանակցությունները և դրանք լուծելի խնդիրներ են։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում կկարգավորվեն»- պատասխանեց պետնախարարը։

Առանձին պարենային ապրանքների տեսքով Արցախում լինելու է ինքնաբավության բավարար մակարդակ

Հնարավո՞ր է արդյոք Արցախում զարգացնել գյուղատնտեսությունը, երբ գրեթե ամեն օր ադրբեջանցիները խոչընդոտում են հողօգտագործողների աշխատանքը։

Ներսիսյանը նշեց, որ ի պատիվ արցախցիների կամքի ու համառության՝ այս տարի գարնանացանի աշխատանքները որոշ ուղղություններով կրկնակի կամ եռակի մեծացրել են, քան նույնիսկ մինչպատերազմյան շրջանում․ «Ադբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքը կամ ինքնին կիրառումը խանգարում է գյուղատնտեսկան աշխատանքների խաղաղ ընթացքը։ Բայց բոլոր դեպքերում այդ պայմաններում մեր գյուղաբնակ քաղաքացիները և գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկատերերը աշխատանքները շարունակում են իրականացնել։ Խնդիրները շատ են, ռուս խաղաղապահների հետ ուղիղ կապի միջոցով մշտապես փորձում ենք կանխել նման դեպքերը, և որպեսզի ընթացքում որևէ խնդիրներ չառաջանան, շատ հաճախ ռուս խաղաղապահները իրենց անմիջական ներկայությամբ են ապահովում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը։ Թեև այդ դեպքերում ևս Ադրբեջանը որևէ կերպ չի թաքցնում իր հանցավոր մտադրությունները և նույնիսկ նման իրավիճակներում լինում են ուժի կիրառման դեպքեր»։

Ներսիսյանը նաև համոզմունք հայտնեց, որ առանձին պարենային ապրանքների տեսքով Արցախում լինելու է ինքնաբավության բավարար մակարդակ։

Բարեփոխումները պետք է իրականացնել անցնցում

Ինչ վերաբերում է պետական համակարգում բարեփոխումներին, Ներսիսյանը շեշտեց՝ դրանք միանշանակ լինելու են, բայց բարեփոխումները պետք է իրականացնել անցնցում․ «Բարեփոխումները ինքնին կտրուկ գործողություններ են, չենք կարող ցնցումներ չառաջացնել, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, սոցիալական խնդիրները՝ մենք այս ամենը պետք է իրականացնենք սինխրոն, որպեսզի բարեփոխումը մեզ համար ստեղծի բարենպաստ միջավայր պետական պատշաճ կառավարում իրականացնելու համար և միաժամանակ այդ բարեփոխումները որևէ ոլորտում հետընթաց առաջացնելու հիմքեր չձևավորեն»։

Հիմնադրամների և պետությանը հասցված վնասների մասին

Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը ստանձնել է Գուրգեն Ներսիսյանը։ Նախագահը հույս էր հայտնել, որ Ներսիսյանն այդ ամենին որոշակի դատախազական աչքով կնայի և պետությանը հասցված վնասները հետ կվերադարձնի։ Ի՞նչ փուլում է գործընթացը։

«Հիմնադրամի աշխատակազմի և հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներով միակարծիք ենք մեր մոտեցումներում։ Այո, մեկնարկել են և առաջիկայում օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով վեր են հանվել այն անձինք, որոնք hիմնադրամի հանդեպ ունեն չմարված պարտավորություններ, և բոլոր այդ անձանց հետ կապված փաստաթղթերը, պայմանագրերը, կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։ Առաջիկայում առանց ավելորդ հուզականության, երկիմաստություն պարունակող խնդիրների ու հարցերի, սովորական ընթացակարգով ներկայացվելու են պահանջները, ուղարկվելու են դատարան և, բնականաբար, պետք է արդեն տեղի ունենան բռնագանձման գործընթացներ»,- ասաց պետնախարարը։

Պատրաստեց Հայկ Ղազարյանը

Մեկնաբանել