Տեղում ադրբեջանցիների կրակոցներից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, հակառակորդը կիրառել է ականանետ․ ՊՆ

17:30

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդում է, որ ժամը 17:30-ի սահմաններում նույն Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։

«Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- հայտնել է նա։

***

Տեղում ադրբեջանցիները կրակ են բացել, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում լսվում են փոխհրաձգության ձայները․

Կառավարության ապրիլի 6-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության ընթացքում ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում դիրքավորվելու խնդրի մասին։ Մասնավորապես, Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Մինչ այդ սահմանի նշված հատվածի պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։

«Սահմանի պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ 12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցվել են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել