Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր)»,- ասված է հաղորդագրությունում։
***
Ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։