Որքա՞ն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը 2022-ին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մարտի 11-ին «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման ժամանակ իր ելույթում խոսելով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի զարգացման մասին, հայտարարել էր, որ 2022-ին այս ոլորտի ծավալը գերազանցել է ռեկորդային 1 մլրդ դոլարը։

«2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը»,- հայտնել էր Արշակյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել էր Վիճակագրական կոմիտեի 2022-ին և նախորդող տարիներին ԲՏԱ վերաբերող տվյալները և հայտնաբերել, որ դրանք չեն համընկնում նախկինում ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արշակյանի հայտնած թվերին։ Այս անհամապատասխանությունը, պարզվեց, բացատրություն ունի։

Ըստ Վիճկոմի՝ ՏՏ ոլորտի շրջանառությունը 676,2 մլն դոլար է եղել

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022-ի հունվար-դեկտեմբերին «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտում ծառայությունների ծավալը (շրջանառությունը) կազմել է 294,6 մլրդ դրամ կամ 2022-ի միջին փոխաժեքով 676,2 մլն դոլար։

Նշվում է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» ոլորտի ցուցանիշի տվյալների աղբյուրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն է։

Նախորդ տարի՝ 2022-ին, ՏՏ ոլորտում արձանագրված 294,6 մլրդ դրամ շրջանառությունը շուրջ 75 տոկոսով ավել է 2021-ին գրանցված 167,7 մլրդ դրամ ցուցանիշից և ռեկորդային՝ վերջին 5 տարիների համար։

Փոխխոսնակը պարզաբանում է՝ հաշվարկը այլ կերպ է կատարվել

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ իր հայտարարած թվերի հիմքում ընկած է ոչ թե ՏՏ ոլորտի վիճակագրությունը, այլ իր կատարած վերլուծությունը՝ հիմնված ԲՏԱ ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական գործունեության դասակարգիչներում գրանցված շրջանառության տվյալների վրա։

«Ըստ նշված վերլուծության՝ 2022-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը գերազանցում է 425 մլրդ դրամը, իսկ ոլորտում զբաղվածների թիվը գերազանցում է 43 000-ը»,- հայտնեց Արշակյանը։

Արշակյանը նաև նշեց, որ ԲՏԱ նախարարության և Վիճկոմիտեի հետ քննարկվում է ԲՏԱ ոլորտի ծավալի հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը՝ ներառելով այլ ծառայության տեսակներ ևս։

Պետեկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել այն տնտեսական դասակարգիչներով ոլորտների շրջանառության տվյալները, որոնք նշել էր ԱԺ փոխխոսնակը։

Այսպես, ըստ ՊԵԿ-ի՝ նշված ոլորտների իրացման շրջանառությունը 2020-ին կազմել է 165,1 մլրդ դրամ, 2021-ին՝ 238,4 մլրդ դրամ, իսկ արդեն 2022-ին ծավալը կազմել է ռեկորդային 510,8 մլրդ դրամ։

Այս թվերի տարբերությունը Արշակյանի հայտնած տվյալների հետ բացատրվում է նրանով, որ ԱԺ փոխխոսնակի փոխանցմամբ՝ իր կատարած հաշվարկի մեջ չեն ներառվել ոլորտի խոշոր ընկերությունների՝ փաստացի այլ որորտներում գործունեության ծավալները։ Օրինակ՝ որպես ՏՏ ընկերություն գրանցված բուքմեյքերական ընկերությունների՝ փաստացի խաղային ոլորտում գործունեության շրջանառությունը։

ԲՏԱ նախարարությունից հետաքրքվեցինք, թե գերատեսչությունը որքան է գնահատում ոլորտի շրջանառությունը 2022-ին։ Պարզաբանեցին, որ իրենք դեռևս հավաքագրում են միայն ՏՏ ոլորտի, այլ ոչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին վերաբերող տվյալները։

«Միաժամանակ հայտնում ենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին պատկանող դասակարգչային խումբը դեռևս հստակ առանձնացված չէ»,- նշված է գրությունում։

Մեկնաբանել