ԵՄ-ն կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները

Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է պահպանել 1991-ի սահմանը, և երկու կողմերի ուժերը հետ քաշել այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը։

Անհաժեշտ է պահպանել նախկին պարտավորությունները, այդ թվում՝ նրանք, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ Ալմաթիի 1991-ի հռչակագրին համապատասխան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում ։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում ՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարությունում։

***

Ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել