Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Տեղի միջադեպի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան ասել են պետքարտուղարությունից՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը։

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

***

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել