Տեղ գյուղում տեղի ունեցածը «մանրամասն քննության կարիք ունի», ըստ Փաշինյանի

Տեղ գյուղի հատվածում չհաջողվեց սահմանապահների տեղակայումն իրականացնել առանց սրացումների, Ադրբեջանը հերթական սադրանքն իրագործեց։ Կառավարության ապրիլի 13-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը պատկերացում տալիս է դեպքի մանրամասների մասին, բայց իրադրությունը, ըստ Փաշինյանի, «մանրամասն քննության կարիք ունի՝ ներառյալ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»։

«Պիտի արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Ադրբեջանը սիստեմատիկ ցուցադրում է միջազգային պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը՝ այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման ու ուժի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնություն է ձեռք բերվել, այդպես է Լաչինի միջանցքի արգելափակման հարցում»,- ասաց Հայաստանի վարչապետը։

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային հարցերը բանակցություններով լուծելուն, ինչպես նաև դելիմիտացիայի գործընթացին։

***

Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել