Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պահնորդը, քննվում են վարկածները

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։

Ապրիլի 12-ին Կապանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը, հայտնել է ԶՊՄԿ-ի խոսնակ Արայիկ Մարգարյանը։

Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։

Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի վերաբերյալ գրառում է կատարել՝ անդրադառնալով սպանությանը ադրբեջանցիների առնչության վարկածին։ Նա նշում է, որ հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել։

«Քանի որ լրագրող գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։ Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Աբրահամյանը։

Մեկնաբանել