Ինչո՞ւ Ռուսաստանում ՀՀ դեսպանը չի փոխվել. Մամիջանյան

Ազգային ժողովում ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չի փոխվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։

«Այդ ինչպե՞ս է տեղի ունենում, որ այս իշխանության օրոք անցյալ տարի կնքվում է ռուս-ադրբեջանական ռազմավարական-դաշնակցային փաստաթուղթ։ Ըստ ամենատարբեր հայտարարությունների՝ այդ փաստաթղթի վրա աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ ու դրա արդյունքում ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի փոխվում, հետ չի կանչվում»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ ներկայում դեսպանը Ռուսաստանում «անիմաստ է»։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, «նորմալ երկրներում այդպես պետք է լիներ ու նա փոխվեր»։

Անդրադառնալով Տեղ գյուղի տարածքում ապրիլի 11-ի ադրբեջանական սադրանքին՝ Մամիջանյանն ասաց, որ երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար, Գերագույն շտաբի պետ Էդվարդ Ասրյանի​​ հետ քննարկմանը «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երկու հարցադրում է արել։ Նախ նա հետաքրքրվել է՝ եթե հայտնի տեսանյութի ժամանակ խոսքը գնում էր դաշտային ճշգրտումների մասին, ապա ո՞վ է եղել այդ բանակցության պատասխանատուն. «Եթե այդպես չէր, ինչպես ասաց ՊՆ փոխնախարարը, դրանից մի քանի ժամ հետո պաշտպանության նախարարը նրան հերքեց, ես մի պարզ հարց ունեմ՝ ադրբեջանական դիրքից մեքենա է շարժվում հայկական դիրքի ուղղությամբ ու խոսքը բանակցության մասին չի գնում, ինչո՞ւ կրակ չի բացվել։ Սա պարզ հարց է, քաղաքական շղարշներ չեմ ավելացնում»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ այս հարցի պատասխանն այդպես էլ չեն ստացել։

***

Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։ Նախագահի հրամանագրով Արման Մարալչյանը ապրիլի 12-ին ազատվել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Մեկնաբանել