Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ապրիլի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պնդել է, թե Ազգային անվտանգության ծառայության կայքից հեռացվել է 2020-ի հոկտեմբերին 8-ին հրապարակված հաղորդագրությունը՝ պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին։
Մանուկյանն իր խոսքում հիշատակում է 2020-ի հոկտեմբերի 8-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հայտնում էր, որ ըստ որոշ տեղեկությունների` ինչ-որ մարդիկ կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է…»: Նա նշել էր, որ իր հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և «գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:
«Նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որ ձերբակալել է հայրենիքի դավաճանության հոդվածով և այլն […] Դրանից հետո սկսվեց իշխանական հանրային արշավը՝ դավաճանություն, դավաճանություն, առաջնագիծ՝ էտ մի դեպքով»,- ասել է Մանուկյանը։
Պատգամավորը նշում է, որ 2022-ին դատախազություն հարցում է արել՝ պարզելու, թե հայրենիքի դավաճանության հոդվածով ամբողջ պատերազմի ընթացքում քերական քանի գործ է հարուցվել, և «պատասխանը եղել է 0»։
«Օրերս էլ պարզեցի, որ Ազգային անվտանգության ծառայության կայքում հոկտեմբերի 8-ի այդ կալանքի, այդ դավաճանության նյութը ջնջված է, չկա»,- ասել է պատգամավորը՝ գործընկերներին դիմելով, որ նրանք էլ փնտրեն ու տեսնեն, որ չկա։
#CivilNetCheck-ը Ազգային անվտանգության ծառայության կայքում, ստուգելով 2020-ի հոկտեմբերի 8-ին հրապարակած նյութերը, գտավ տվյալ հաղորդագրությունը։
Մենք ստուգեցինք նաև ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջի տվյալ օրերի գրառումները, որոնց կցված են նաև կայքի հղումները։ Պարզվեց, որ այդ հղումները ներկայում չեն աշխատում։ Սակայն բոլոր հաղորդագրություններն առկա են կայքում։ Հնարավոր է, որ տեխնիկական փոփոխություններ են տեղի ունեցել ԱԱԾ կայքում, այդ իսկ պատճառով նախկին հղումները չեն աշխատում։
Որոնողական համակարգում փնտրելով Մանուկյանի նշած հաղորդագրությունը՝ հնարավոր է հեշտությամբ այն գտնել։
Դավաճանության մասով քրեական գործերի մասին
Մանուկյանի պնդումը, որ դատախազությունից պատասխան է ստացել, որ պետական դավաճանության հոդվածով 44-օրյա պատերազմի ընթացքում զրո քրեական գործ է հարուցվել, ևս տարակուսելի է։
#CivilNetCheck-ը ևս այս տարվա մարտին հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործերի մասին վիճակագրություն խնդրելով։ Պատասխանը ստացել էինք ԱԱԾ-ից։
Մեզ հատնել են, որ 2020-ին մեկ քրեական գործ հարուցվել է։ Դրա նախաքննությունը, սակայն, փոխանցվել է 2021 թվական։
Ըստ ԱԱԾ ներկայացրած տվյալների՝ 2020-2022 թթ. ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվել է պետական դավաճանության վերաբերյալ 20 քրեական վարույթ։ Դրանց շրջանակում հարուցված քրեական գործերից որոշներն արդեն ուղարկվել են դատարան, դատաքննություն է իրականացվում, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռ չկա։