Հնարավոր է՝ Վրաստանի իշխող կուսակցությունը տուգանվի 955 հազ. դոլարով

Վրաստանի աուդիտի պետական ծառայությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան իշխող «Ազգային միասնական կուսակցությանը» գումար նվիրարբերած հինգ անձանց շուրջ 955 հազ. դոլարով տուգանելու հայցով, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Ըստ ծառայության՝ այս անձինք անօրինական կերպով գումարներ են նվիրաբերել կուսակցության հաշվեհամարներին:

Ծառայությունն առաջարկում է նվիրատվությունները վերադարձնել քաղաքացիներին, հակառակ դեպքում՝ այդ գումարները կփոխանցվեն պետբյուջե:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ դատական երկու որոշմամբ $91 մլն տուգանք էր նշանակել, սակայն Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր Իվանիշվիլիի փաստաբանների հայցը՝ տուգանքի չափը կրճատելով գրեթե երկու անգամ: Իվանիշվիլին մեղադրվում է ընտրողներին կաշառելու և անօրինական ֆինանսվորումների մեջ: Ըստ Վերահսկիչ պալատի տվյալների, որոնց հիման վրա դատարանը որոշում է կայացրել, Իվանիշվիլիի կողմից անվճար տրամադրվել են արբանյակային ալեհավաքներ, ինչպես նաև արտոնյալ պայմաններով օգտագործվել են հարյուրավոր ավտոմեքենաներ:

Մեկնաբանել