Դատախազությունը ցանկանում է բռնագանձել հետախուզվող դատավորի գույքը

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանն ու նրա կինը՝ Ալլա Հարությունյանը, կանչվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իրենց հետ կապված վարույթի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու։

Այդ մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։ Ըստ ծանուցման՝ Ուզունյանին ու նրա կնոջը առնչվող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Ուզունյանն ու նրա կինը հրավիրվել են դիրքորոշում ներկայացնելու։

Սամվել Ուզունյանը քննել էր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության դատական գործը։ 2019-ին նրա հետ կապված քրեական գործ էր հարուցվել՝ 51 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, և Ուզունյանը դարձել էր գործով մեղադրյալ։ Չնայած մեղադրյալ լինելուն՝ Ուզունյանը հատել էր Հայաստանի սահմանը։

Մեկնաբանել