Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ է եղել. կառավարություն

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել խաղաղության ու հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության 2022-ի կատարողականի զեկույցից, որը քննարկվելու է ապրիլի 18-ի արտահերթ նիստում։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023-ի փետրվարի 14-ին:

«ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,- նշված է զեկույցում՝ հավելումով, որ Հայաստանի «կառավարության համար առանցքային է ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը»։

Անդրադառնալով սահմանազատմանը՝ փաստաթղթում արձանագրում կա, որ 2023-ի փետրվարի 17-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի, համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը:

Կատարողականում նաև առանձին բաժնով անդրադարձ կա 2022-ի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային։

Ըստ գործադիրի՝ ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Բացի այդ, նշվում է, որ 2021-ին և 2022-ին Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից:

Անդրադարձ կա նաև անհետ կորածների խնդրին։ Նշվում է, որ հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով:

«ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը: 2022-ին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ»։

2022-ի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մեկնաբանել