Հայաստանից գինու արտահանումը կրտուկ աճել է, արտադրությունը` նվազել

Հայաստանից գինու արտահանումը 2022-ին ավելացել է 42,3%-ով՝ հասնելով ավելի քան 12 մլն լիտրի։ Արտահանված գինու արժեքն աճել է 56,2%-ով՝ կազմելով 36,4 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, գինու արտադրությունը Հայաստանում նվազել է:

Համաձայն Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրապարակած վիճակագրության՝ Հայաստանն այժմ գինի է արտահանում 36 երկիր, սակայն հիմնական շուկան մնում է Ռուսաստանը: Ընդհանուր արտահանման 80%-ը գնում է Ռուսաստան, 6%-ը՝ ԱՄՆ։

Շուրջ 10 անգամ աճել են ներդրումները խաղողագործության և գինեգործության ոլորտում` 2016-2022 թթ․՝ հասնելով 35 մլրդ դրամի։

2022-ին Հայաստանում գինու արտադրությունը կազմել է 12,64 մլն լիտր, որը զիջում է 2021-ի ցուցանիշին (13,08 մլն լիտր)։ Վերջին տարիներին կտրուկ աճել է նաև գինեգործական ընկերությունների թիվը․ եթե 2018-ին դրանք ընդամենը 25-ն էին, ապա 2022-ին այս թիվը հասել է 150-ի։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը տաօրինակ չի համարում այն, որ գինու արտահանումն աճում է այդ խմիչքի արտադրության ծավալների նվազմանը զուգահեռ:

«Որևէ արտառոց բան չկա, ոչ էլ վերաարտահանում կա: Պարզապես գինու արտահանման յուրահատկությունն այն է, որ արտահանվում է ոչ այդքան տվյալ տարում արտադրված գինին, որքան նախորդ տարիներին մառաններում պահված, արտադրված, հնեցված գինին: Այդ իսկ պատճառով, եթե անգամ արտադրությունը կրճատվում է, արտահանումը կարող է աճել»,- նշում է Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ կանխատեսելով արտահանման աճ նաև այս տարի:

Ըստ նրա՝ գինեգործության ոլորտը արագ զարգանում է և բախվում է հումքի պակասի խնդրին:

«Յուրաքանչյուր տարի հումքի մոտավորապես 70-80%-ը նորմալ մթերվում է` շուկայական կանոններին համահունչ: Մնացած 20-30 տոկոսի խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի՝ միջնորդներ, վատ որակ և վարչարարություն»,- նշում է Հարությունյանը` նկատելով, որ պետության ոչ արդյունավետ վարչարարության հետևանքով ներկրվում է սպիրտ, որը դառնում է գինի:

«Արդյունքում գյուղացու արտադրած հումքը չի վաճառվում, որի հետևանքով ի հայտ են գալիս միջնորդներ, որոնք էժան գնով գյուղացուց վերցնում են հումքը և հանձնում մթերման: Սակայն միայն սպիրտը չէ խնդիրը: Նշված 20-30% հումքի մի մասն էլ իսկապես անորակ է»,- ասում է Ավագ Հարությույանը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել