Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ն, 2006-2016 թթ․ ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը: Հ.Ա.-ն ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006-2008 թթ․, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Մեղադրանքում նշվում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Նորամարգի համայնքապետին հանձնարարել է լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագիրը։
«Հ.Ա.-ն «Ավազահատիկ» ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ.Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե.Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ.Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ.Ա.-ի (Հովիկ Աբրահամյանի – խմբ․) առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա.Ս.-ի եղբոր՝ Ք.Ս.-ի աներորդուն՝ Խ.Ա.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։
2008-2015 թվականների ընթացքում Հովիկ Աբրահամյանը վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն դրամի շահույթ:
Նշված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ գույքեր է ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք։ 2008-2015 թվականների ընթացքում, Հովիկ Աբրահամյանը իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով ձեռք է բերել մեկ տասնյակից ավելի տարբեր արժողության գույքեր: