Մոսկվայում ապրիլի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել «Ռոսսելխոզնադզորի» (Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի միջև, որոնց մասնակցել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ ստուգման արդյունքներով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման նկատմամբ պետական վերահսկողությունը գնահատվել է անբավարար։ Արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի վերահսկողական ծառայությանը՝ Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումն ապրիլի 5-ից դադարեցնելու խնդրանքով։
Ինչպես հայտնում են «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ասել է՝ ուշադիր ուսումնասիրել է ՌԴ տեսչական մարմնի ստուգման հաշվետվությունը, որում բացահայտվել են մի շարք «կրիտիկական խնդիրներ»՝ Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը վերահսկելու հարցում։
«Վերահսկողության համակարգի թերությունները թույլ են տվել հայկական ընկերություններին իրանական ձեռնարկությունների հումքից պատրաստված արտադրանք արտահանել, որը թույլատրված չէ վաճառել Ռուսաստանում։ Արդյունքում 2022 թվականին Հայաստանը տասն անգամ ավելացրել է կարագի մատակարարումը։ Նման սխեմաները խաթարում են մրցակցային միջավայրը ոչ միայն ռուսական շուկայում, այլև անհավասարակշռություն են մտցնում ԵԱՏՄ տնտեսական գործունեության մեջ»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» տարածած հաղորդագրության մեջ։
Սերգեյ Դանկվերտը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին ապահովված է կաթնամթերքով, որն արտադրվում է երկրի բոլոր մարզերում և արտահանվում արտաքին շուկաներ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել ձեռք բերել «հայկական խոհանոցի համար ավանդական և բացառապես հայկական հումքից պատրաստված տեղական արտադրանք»։
Մոսկվայում բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության: Ըստ այդմ` Հայաստանը կստուգի իր կաթ վերամշակող ընկերությունները և ռուսական գերատեսչությանը կներկայացնի այն ձեռնարկությունների ցուցակները, որոնք կարող են բավարարել պահանջները։ «Ռոսսելխոզնադզորը» կստուգի դրանք և արդյունքների հիման վրա կորոշի Ռուսաստան մատակարարումներ անելու հարցը։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Մոսկվայում բանակցությունների վերաբերյալ դեռևս որևէ հաղորդագրություն չի հրապարակել:
Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդրահարույց քաղաքական հարաբերությունների և փոխադարձ պահանջների ֆոնին կաթնամթերքի արտահանման արգելքի կիրառման որոշումը շատերը մեկնաբանեցին որպես Երևանի վրա քաղաքական ճնշման ձև։ Մինչ այդ Մոսկվան «կտրականապես անընդունելի» էր համարել Վլադիմիր Պուտինին ձերբակալելու կարգադրագիր արձակած Միջազգային քրեական դատարանի իրավասությունն ընդունելու Երևանի քայլերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը «խիստ բացասաբար» կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակման որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում: Նրանք շեշտը դնում են ոլորտում որակի հերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացման վրա, քանի որ հայաստանյան կաթնամթերքի ոլորտում կան խնդիրներ, և դրանք շաբաթներ առաջ արձանագրել էր «Հետք»-ը:
Ապրիլի 18-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է կաթնամթերք արտադրող երեք ընկերությունների: Պատճառը «հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցությունն է»: Համաձայն հրապարակված հաղորդագրության՝ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ն արտադրել և իրացրել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի արտադրած մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի արտադրած կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին հանրապետությունում արտադրվել է 26 300 տոննա պանիր և կաթնաշոռ, 8 730 տոննա ֆերմենտացված կաթնամթերք, 8 960 տոննա պաղպաղակ։ News.am-ին ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 953 տոննա կարագ և կաթնային մածուկ, 648 տոննա պանիր և կաթնաշոռ, 313 տոննա սերուցք, կեֆիր և մածուն և 46 տոննա այլ կաթնամթերք՝ մոտ 10 մլն դոլար ընդհանուր գումարով:
2022 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստան է ներմուծվել 5,8 մլն տոննա կաթնամթերք՝ 3,14 մլրդ դոլար արժեքով, հաղորդում է Milknews գործակալությունը։ Մատակարարումների ավելի քան 80 տոկոսը գալիս է Բելառուսից, իսկ Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի հիմնական մատակարարներից են նաև Արգենտինան, Ղազախստանը, Ուրուգվայը և Ղրղզստանը։
Արշալույս Մղդեսյան