Վոնգ Կար Վայը կգլխավորի Բեռլինալեի ժյուրին

Այս տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնի` Բեռլինալեի ժյուրին կգլխավորի հոնկոնգցի հայտնի կինոռեժիսոր Վոնգ Կար Վայը, հաղորդում է կինոփառատոնի պաշտոնական կայքը:

«Վոնգ Կար Վայը մեր ժամանակի ամենաճանաչված ռեժիսորներից է: Նրա աշխատանքների յուրօրինակ ոճը ոգևորել է մեզ: 1980-ականներից ի վեր Բեռլինալեն մեծ ուշադրություն է հատկացնում չինական ժամանակակից կինոյին, և մենք պարզապես երջանիկ ենք, որ Վոնգ Կար Վայը կնախագահի 63-րդ փառատոնի ժյուրին»,- հայտարարել է փառատոնի տնօրեն Դիթեր Կոսլիքը:

Ռեժիսորը, իր հերթին, իր շնորհակալական խոսքն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին: «Դիտերի հրավերն ինձ համար պատվաբեր է: Ես շատ երջանիկ եմ, որ կկարողանամ Բեռլին վերադառնալ և տեսնել աշխարհի լավագույն ռեժիսորների վերջին աշխատանքները: Կինոյի բոլոր սիրահարներին և գնահատողներին հիանալի միջոցառում է սպասվում»,- ասել է նա:

Բեռլինի միջազգային 63-րդ փառատոնը կմեկնարկի 2013թ. փետրվարի 7-ին և կտևի 10 օր:

Վոնգ Կար Վայն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է որպես սցենարիստ: Նրա առաջին ինքնուրույն ֆիլմերն ասիական աշխարհում միանշանակ չեն ընդունվել, սակայն ամեն բան փոխվել է 1995թ., երբ ռեժիսորին նկատել է Քվենթին Տարանտինոն և աջակցել նրան Հոլիվուդում: Այսօր Վոնգ Կար Վայն աշխատում է տարբեր ժանրերում և նկարահանումներ կատարում ամբողջ աշխարհում: Նրա «Սիրային տրամադրություն», «2046», «Չունցինյան էքսպրես» ֆիլմերը դարձել են դասականներ, իսկ ռեժիսորի ոճը բազմաթիվ հետևորդների համար օրինակելի է

Տարեվերջին ռեժիսորը նոր ֆիլմ կներկայացնի` «Մեծ վարպետները»: Այն Բրյուս Լիի ուսուցիչ, մարտարվեստի մեծ վարպետ Իպ Մանի կյանքի պատմությունն է:

Մեկնաբանել