Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել պղնձամոլիբդենայինի պահնորդին սպանելու համար․ Դատախազություն

Հայաստանում ձերբակալված երկրորդ ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Ադրբեջանի Հուսեյն Ախունդովը ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։

Այնուհետև, հափշտակել է պահնորդի բջջային հեռախոսը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի․ «Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(…) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին»։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Մինչ ադրբեջանցի երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Մեկնաբանել