Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

Հայաստանի կառավարության աջակցությամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ներկա է գտնվել ՀՀ պետական ֆինանսավորմամբ Մադրիդի համալսարանում հայագիտական ամբիոնի բացման արարողությանը և դրան հաջորդած գիտաժողովին:

«Իսպանիայում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր է մի քանի տեսանկյունից: Իսպանիայում, ըստ վերջին տվյալների, 10 000-ից ավելի հայ է ապրում, ուստի այսպիսի մեծ հայ համայնք ունեցող երկրի համար չափազանց կարևոր է կրթության շարունակականության ապահովումը: Կարևոր բաղադրիչ է նաև հայոց լեզվի և հայ մշակույթի տեսանելիության ապահովման խնդիրը: Համոզված եմ՝ հայագիտական կենտրոնը երկու պետությունների միջև մշակության երկխոսության և միջպետական համագործակցության ամուր կամուրջ է կարող է հանդիսանալ»,- բացման արարողությանն իր ելույթում ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել հայագիտության ոլորտում, մասնավորապես՝ Եվրոպայում բոլոր հայագիտական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվելու է համաժողով՝ քննարկելու ցանցային համագործակցության և համատեղ հետազոտություններ իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հայագիտության հատուկ ամբիոնի տնօրեն է նշանակվել համալսարանի հայազգի դասախոս Ֆրանսիսկո Սուրյան Էրնանդեսը։

Ամբիոնի ակադեմիական աշխատանքներն իրականացնելու նպատակով կդիտարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանից իսպաներենի իմացությամբ համապատասխան մասնագետի գործուղման հնարավորությունը։ 2023-ի սեպտեմբերից ամբիոնի ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով հայկական կողմին առաջարկվել է կրթական ծրագիր մշակել՝ թեմատիկ բացվածքով (Հայաստանի ժամանակակից պատմություն, արտաքին քաղաքականություն, հայոց լեզու)։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Այդ քաղաքականությունը լինելու է շարունակական»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել