Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և Հայաստանի, և ՀԱՊԿ-ի, և տարածաշրջանի համար: Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել»,- ասաց վարչապետը։

Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ դիտորդների աշխատանքին՝ Փաշինյանը հորդորեց ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները միմյանցից տարբերել:

«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022-ին և որպես նախագահող, և որպես մասնակից երկիր, լիարժեք կատարել է։ ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի մի հարթության մեջ դնել։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ասաց նա:

***

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլին 5-ին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել էր, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից․ «Երբ նրանք (հայկական կողմը – խմբ․) պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի դաշտում է»,- հայտարարել էր Զախարովան։

Մեկնաբանել