«Մեր հորդորը ժամանակով չի սահմանափակվում»․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․

«Մենք հայրական հորդոր ենք ուղղել, և հայրական հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում։ Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված»,- ասել է Գարեգին Բ–ն։

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնաբանություն չի տվել հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ նշելով, որ տեքստին դեռ ծանոթ չէ և չի կարող կարծիք հայտնել։

«Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները (Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի մասին հայտարարությունը – խմբ․) տեղին են և որևէ կերպով կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել։ Ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի Արցախի հայաթափում»,- ասել է Վեհափառը։

Մեկնաբանել