Հայաստանում կանայք կկարողանան պարտադիր զինվորական ծառայություն անցնել

Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Համապատասխան օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության ապրիլի 21-ի նիստում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախատեսված կարգավորումներով կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս․ «Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս»:

«Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում, ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Պարտադիր զինծառայության պարտադիր 6 ամիսը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակով պայմանավորված զորացրվելու դեպքում վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվո վճար, որը կազմելու է 1 միլիոն դրամ»,- նշեց Պապիկյանը:

1 միլիոն դրամ պատվո վճար կտրամադրվի, եթե ծառայությունն ամբողջությամբ ավարտվել է, իսկ եթե առողջական խնդիրներով ժամկետից շուտ զորացրում է եղել, ըստ Պապիկյանի, բաժանվելու է 6 ամիսների վրա ու բազմապատկվելու փաստացի ծառայած ամիսների չափով։

Օրենքների նախագծերը Նիկոլ Փաշինյանը անվանեց «մեր բանակի ու երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարց», ընդգծեց՝ սա պրոֆեսիոնալ բանակի հայեցակարգի շրջանակում է։

«Պետք է փոխել ընկալումը, որ բանակում կանայք հիմնականում սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են, ոչ, կանայք պիտի դառնան լիարժեք զինծառայության մաս են։ Այսօր էլ ունենք ստորաբաժանումներ, որտեղ կանայք լիարժեք ծառայություն են իրականացնում»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել