Վրաստանում մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա գործակալների օրենքի դեմ ցույցերի մասնակիցների

Թոռնիկե Ակոպաշվիլին

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանում 21-ամյա քաղաքացուն, որն Ուկրաինայում կռվել է որպես կամավոր, սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ իր գործողությունների համար։ Անկախ լրատվամիջոցների երկու լրագրող էլ մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ:

Թոռնիկե Ակոպաշվիլին մեղադրվում է մարտի սկզբին օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ։ Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է չորսից յոթ տարվա ազատազրկում:

Ակոպաշվիլին չի ընդունում մեղադրանքները և Publica հետուստաընկերությանն ասել է, որ իր դեմ օգտագործված միակ ապացույցը տեսագրությունն է, որտեղ նա մարտի 7-ին ռետինով հարվածում է հատուկ նշանակության ջոկատի զինվորի վահանին:

«[Հետաքննությունն ասում է, որ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը] վնասվածք է ստացել, սակայն կադրերը հստակ ցույց են տալիս, որ երկար ռետինե ժապավենը պարզապես դիպչում է վահանին,- ասել է Ակոպաշվիլին։- Ես չէի մտածում [հատուկ ջոկատի աշխատակցին] վնասելու մասին»։

Ակոպաշվիլիի խոսքով՝ մարտի 8-ին իրեն բռնի ձերբակալել են քաղաքացիական հագուստով հինգ ոստիկաններ, որոնք հարվածել են իրեն և բռնությամբ նստեցրել մեքենա:

«[Մեքենա նստեցնելուց հետո] ինձ չթողեցին գլուխս բարձրացնել, ես ասացի, որ շնչահեղձ եմ լինում, բայց չթողեցին՝ գլուխս բարձրացնեմ»,- ասել է Ակոպաշվիլին։ Նա հավելել է, որ չնայած պահանջել է ներկայանալ՝ ով են, միայն մեկ ժամ հետո են իրեն ասել, որ ոստիկաններ են։

Ակոպաշվիլին ազատ է արձակվել մարտի 10-ին 3000 լարի (1200 դոլար) գրավի դիմաց, որի համար նա դրամահավաք է արել չորեքշաբթի, երբ նրա դատավարության օրը հայտարարվեց մայիսի 1-ը:

Publica-ի հետ զրույցում նա ասել է, որ 2022-ին տասը ամիս որպես կամավոր կռվել է Ուկրաինայում Ռուսաստանի դեմ, իսկ նախկինում երկուսուկես տարի ծառայել է Վրաստանի բանակում:

Ակոպաշվիլին առաջին մարդը չէ, որին սպառնում է երկարաժամկետ ազատազրկում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Լազարե Գրիգորիադիսը, որը նույնպես 21 տարեկան է, առաջին մարդն էր, որին ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին օտարերկրյա գործակալների բողոքի ցույցերի ժամանակ: Նրան սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում՝ ոստիկանների ուղղությամբ երկու մոլոտովյան կոկտեյլ նետելու և ոստիկանական մեքենա հրկիզելու մեղադրանքով։ Լազարեի գործով հաջորդ դատական նիստը նույնպես նշանակված է մայիսի 1-ին։

«Փոքր խուլիգան» լրագրողներ

Այս շաբաթվա սկզբին անկախ լրատվամիջոցների երկու լրագրողների մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար մարտի 2-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի խորհրդարանական հանձնաժողովի առաջին լսումների դեմ բողոքի ցույցի ժամանակ:

Publika-ի տնօրեն Զուրա Վարդիաշվիլին և Tabula կայքի լրագրող Բեկա Ջիկուրաշվիլին յուրաքանչյուրը տուգանվել են 2200 լարի (880 դոլար), առաջինը՝ երեքշաբթի, երկրորդը՝ չորեքշաբթի: Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքները:

Հինգշաբթի Վրաստանի լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիան Վարդիաշվիլիին և Ջիկուրաշվիլիին տուգանելու որոշումը որակել է «հերթական քայլ լրագրողների, նրանց գործունեության և ժողովրդավարական գործընթացների դեմ»։

«Ռուսական օրենքի դեմ [օտարերկրյա գործականլերի մասին օրինագիծը շատերն անվանում են ռուսական օրենք – ՍիվիլՆեթ] ցույցի ժամանակ ձերբակալված լրագրողներին Թբիլիսիի քաղաքային դատարանի նշանակած տուգանքը վտանգավոր նախադեպ է ստեղծում և վնասում է Վրաստանի մեդիա միջավայրին։ Հասկանալի է, որ այս որոշումը միտված է կանխելու և սահմանափակելու [նրանց] մասնագիտական գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հստակ թվեր, թե քանի մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների օրենքի նախագծերի դեմ բողոքի բոլոր ցույցերի ժամանակ, չեն հրապարակվել: Սակայն, ըստ ՆԳՆ-ի, մարտի 7-9-ի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 134 մարդ։

Օտարերկրյա գործակալների մասին օրինագծերը առաջ էր քաշել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դրանց ընդունման պարագայում ոչ կառավարական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են դրսից, պարտավոր կլինեին գրանցվել հատուկ գրանցամատյանում՝ որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»:

Օրինագծերը նման էին 2012-ին Ռուսաստանում ընդունված օրենքին, որն այդ ժամանակվանից օգտագործվում էր այլախոհությունը խեղդելու և այնտեղ քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար:

Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես հետ է կանչել օրենքի նախագիծը երկօրյա զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց ընթացքում իրավապահ մարմինները ցուցարարների դեմ կիրառել են ուժ, պղպեղի շիթ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Մեկնաբանել