Շոթա Կինչա, OC Media
Հարավային Օսիայում հաշմանդամություն ունեցող բնակչի սպանության համար ձերբակալվել է նախկին բանտարկյալ, Ուկրաինայում ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից կռված անձը։ Հարավային Օսիայի պետական լրատվական RES գործակալությունը երեքշաբթի առավոտյան հայտնել է հարավօսացի Գեորգի Սյուկաևի ձերբակալության մասին։
Սյուկաևը մեղադրվում է երկուշաբթի Ցխինվալիի 38-ամյա բնակիչ Սոսլան Վալիևին դանակահարելու մեջ։ Հաղորդվում է, որ միջադեպից անմիջապես հետո Վալիևը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ռուսաստանում պետական աջակցություն վայելող մասնավոր բանակի՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը չորեքշաբթի պաշտպանել է Սյուկաևին։
Պրիգոժինի մամուլի ծառայությունը պնդել է, որ Սյուկաևը դանակահարել է Վալիևին՝ Հարավային Օսիայի մայրաքաղաքում անցորդներին պաշտպանելիս: Ըստ ծառայության՝ Վալիևը «վիրավորել և սպառնացել է» այլ անձանց, որոնք էլ Սյուկաևին խնդրել են միջամտել։
Տեղական երկու տելեգրամյան ալիքների՝ Sapa 15-ի և Nog Iriston-ի պնդմամբ, Սյուկաևը «Վագներին» անդամագրվել է բանտում, որտեղ պատիժ էր կրում 2010-ականների կեսերին Դոնբասում զինվորական հրամանատարի սպանելու համար:
Ամերիկյան Daily Beast-ի հարցմանն ի պատասխան՝ Պրիգոժինը լրատվամիջոցներին խորհուրդ է տվել խուսափել սենսացիոն վերնագրերից: Նա պնդել է, որ «Վագների»՝ ռուսական բանտերից հավաքագրված մարտիկների շրջանում կրկնակի հանցագործության մակարդակը ցածր է:
Պրիգոժինի «Վագներ» խումբը, որն ԱՄՆ-ի կողմից ճանաչված է որպես միջազգային հանցավոր կազմակերպություն, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից մի քանի ամիս անց սկսել էր հավաքագրել ռուս բանտարկյալների՝ նրանց ներում խոստանալով Ուկրաինայի դեմ պատերազմական գործողություններին վեց ամիս մասնակցելուց հետո:

«Բարի և անվնաս մարդ»
Վալիևի սպանությունը ցասում է առաջացրել Հարավային Օսիայում։
Երկուշաբթի՝ Սյուկաևի ձերբակալության մասին լուրից գրեթե մեկ ժամ անց, RES-ը հայտնել է, որ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը արտակարգ հանդիպում է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Հաղորդվում է, որ Գագլոևը նրանցից պահանջել է «քարը քարի վրա չթողնել» և գտնել կասկածյալին։
«Սա մեծ հնչեղություն ունեցող դեպք է»,- հայտնում է Գագլոևի կայքը։
Հարավային Օսիայի բազմաթիվ բնակիչներ ցավ ու վրդովմունք են հայտնել Սոսլան Վալիևի սպանության կապակցությամբ։ Նրան մեծամասամբ նկարագրում են որպես զարգացման խանգարումներով և տեղական համայնքի հետ ամուր կապեր ունեցող մարդ:
Վալիևի մասին դրական են արտահայտվել նաև Հարավային Օսիայի երկրորդ և չորրորդ նախագահները՝ Էդուարդ Կոկոյտին և Անատոլի Բիբիլովը։ Նա «բարի և անվնաս տղա էր, որին գրեթե բոլորը սիրում էին որպես իրենց մտերիմ»,- գրել է Բիբիլովն իր տելեգրամյան ալիքում։
Պրիգոժինի մամուլի ծառայությունը, ընդհակառակը, չորեքշաբթի Վալիևին անվանել է «խելագար, որը հաճախակի է ոգելից խմիչք է օգտագործել և անհանգստացրել տեղի բնակիչներին»։ Պաշտպանելով իրենց նախկին մարտիկին՝ Պրիգոժինի մամուլի ծառայությունը նաև հրապարակել է կադրեր, որոնք ենթադրաբար ցույց են տալիս դանակահարությունը:
Տեսանյութում, որը լայն տարածում է գտել օսական և ռուսալեզու առցանց համայնքներում, զինվորական հագուստով տղամարդը մոտենում և հարձակվում է մեկ այլ տղամարդու վրա, որը փորձում է խուսափել նրանից: Չստուգված այս կադրերը միայն մեծացրել են Հարավային Օսիայի բնակիչների զայրույթը:
Վալիևը սպանության գործով ձերբակալված երրորդ անձն է՝ ըստ Հարավային Օսիայի պաշտոնական աղբյուրների։ Դեռևս պարզ չէ, թե մյուս երկու ձերբակալվածներն ինչ կապ ունեն հանցագործության հետ։