Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ-անցագրային կետ է տեղադրել «Հայաստանի հետ սահմանին»։
Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը՝ Լաչինի միջանցքում։ «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում։
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, անցակետ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Ստեփանակերտ գնացող ճանապարհին։
Նշվում է, որ այս մասին ադրբեջանական կողմը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։