Իրանը խոստովանում է սիրիական ճգնաժամում իր ներգրավվածությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայիս և նախկին անդամները հայտարարում են, որ կորպուսի հրամանատարներ և զինվորներ են ուղարկվում Սիրիա, գրում է Wall Street Journal-ը:

Թերթը նշում է, որ Իրանը Սիրիային առաջին հերթին տրամադրում է կադրեր, ապա նոր` դրամական օգնություն և զենք:

Վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սալար Աբնուշը հրապարակավ խոստովանել էր Իրանի` Սիրիայում ռազմական ներգրավվածության մասին:

«Այսօր Սիրիայում մենք ներգրավված ենք պատերազմի բոլոր ոլորտներում»,- իրանական Դանեշու գործակալության հաղորդմամբ` հայտարարել էր Աբնուշը անցած երկուշաբթի: Սակայն այդ հայտարարությունը այլ լրատվամիջոցներով կամ պաշտոնական աղբյուրներով չէր ստուգվել, հաղորդում է WSJ-ը:

Անցած հինգշաբթի Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել էր` եթե Սիրիան չկարողանա ապստամբությունը ճնշել, ապա Իրանը ռազմական օգնություն կուղարկի՝ համաձայն երկու երկրների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի: Սակայն Սիրիան դեռևս օգնություն չի հայցել, հավելել է նա:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին վերջերս «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար Կասիմ Սուլեյմանիին գործուղել է Սիրիա Բաշար ալ Ասադի ուժերի հետ համագործակցելու համար, թերթին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից մեկը:

WSJ-ը նաև նշում է, թե սիրիական ճգնաժամի մյուս կողմում Սաուդյան Արաբիան և Կատարն են, որոնք ֆինանսավորում և զինում են ընդդիմադիրներին, միաժամանակ` Թուրքիան նրանց ոչ պաշտոնական հենակետ է տրամադրել Սիրիայի սահմանի մոտ: Արաբական երկրներից մեծ թվով ջիհադականներ են ժամանել Սիրիա ընդդիմադիրներին աջակցելու համար, ամփոփում է թերթը:

Մեկնաբանել