Արցախի ԱԽ-ն դիմում է Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր» 

Արցախի Անվտանգության խորհուրդը հրավիրել է հրատապ նիստ և միաձայն ընդունել հայտարարություն՝ կապված Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ դնելու հետ։ Հայտարարությունում ասվում է․

«Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը,

Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում,

Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ,

Բացարձակ անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,

Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման անթաքույց նպատակներով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝

Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Հակարի գետի վրայի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը հայտարարում է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ

Մեկնաբանել