Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Մենք վերահաստատում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց ազատ և անխոչընդոտ տեղաշարժ ու առևտուր և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցություններն ու զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»,- նշված է Պատելի հայտարարությունում։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։
Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։
Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։