Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակի տարածած հայտարարությունում։
«Ֆրանսիան ափսոսում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ անցակետ տեղադրելու համար, որը խախտում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները և խաթարում բանակցային գործընթացը։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։
Ֆրանսիան նաև կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և վերականգնել բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- նշված է ապրիլի 23-ին հրապարակված հայտարարությունում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների ազատ ելումուտը։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։
Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։
Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։
Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։