Մոսկվան մեկնաբանել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը

Կրեմլը հայտարարել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու կապակցությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողներին, ասել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և գլխավորապես՝ իրականացնելու նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը կշարունակի Երևանի և Բաքվի հետ աշխատել այդ ուղղությամբ»։

«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակն իսկապես բարդ է, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ նշված երկրներից պահանջում է հասկանալ, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, հայտարարել է, որ ցանկացած միակողմանի քայլ անընդունելի է։ ԱԳՆ-ն նաև նշել է հրադադարի խախտումների թվի աճը և Երևանին ու Բաքվին կոչ արել իրականացնել պայմանավորվածությունները։

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի ու Երևանի միջև երկխոսության առնչությամբ։ Մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք նշում հրադադարի ռեժիմի խախտման և տարբեր տեսակի միջադեպերի թվի աճը, ինչի հետևանքով երկու կողմից պարբերաբար կան զոհեր»,- ասվում է ԱԳՆ տեքստում։

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։

Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների ազատ ելումուտը։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Ֆրանսիան ևս Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են (վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով)։

Մեկնաբանել