«Առկա է անպատիժ, հանցավոր անգործություն»․ ՀԿ-ները՝ զենքի շրջանառության օրենքը հետաձգելու մասին

զենք կրելու մասին օրենք

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը» հայտարարություն է տարածել «Զենքի շրջանառության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը ստորագրվելուց հետո, ՀՀ կառավարությունը, առաջացած նոր ռազմաքաղաքական իրականություն պայմաններում, ձեռնարկել է պաշտպանության ու անվտանգության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակումը, որի մասին հայտարարվել է նաև ՀՀ վարչապետի մակարդակով։ Պաշտպանության ու անվտանգության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման ու կիրարկման աքսիոմիկ անհրաժեշտությունը հաստատվել է նաև թշնամու կողմից վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայով, ինչի արդյունքում մենք, արդեն նոյեմբերի 9-ից հետո, ունեցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների կորուստ, մասնավորապես Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մեզ, որպես ՀՀ հասարակական կազմակերպությունների և անձանց միավորման՝ խիստ անհագստացնում են ՀՀ կառավարության կողմից պաշտպանության և անվտանգության ոլորտու իրականացվող ծրագրերի իրագործման թերությունները, բարեփոխումների բացակայությունը, ստեղծված մասնագիտական և բյուրոկրատական խոչընդոտները։

Տարակուսանք են առաջացնում Ազգային Ժողովի պատգամավորների կողմից նոր փոփոխությունների նախագիծ բերելու հիմքով «Զենքի շրջանառության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը անհիմն ձևով հետաձգելը, «Ռազմամարզական գործունեության» մասին օրենքի նախագծին ընթացք չտալը, «Տարածքային պաշտպանության մասին» օրենսդրության բացակայությունը, պաշտպանության մասին հայեցակարգի և նոր օրենսդրության բացակայությունը։ Այս ամենը նաև տպավորություն է ստեղծում, որ առկա է անպատիժ, հանցավոր անգործություն։

Հաշվի առնելով վերոնշվածը Միությունը առաջարկում է՝

– Պաշտպանության նախարարության հետ համագործակցության, օրինակ արտապատվիրակման միջոցով, սահմանապահ շրջաններում իրականացնել անվտանգությանը ուղղված միջոցառումներ, դասավանդել մարտավարական և կրակային պատրաստության հիմունքներ։

– Իրականացնել ամրաշինական և ինժեներական աշխատանքներ, մասնավորապես երկրորդ և երրորդ պաշտպանական գծերի կառուցում և կահավորում։

– Փոխգործակցության միջոցով օժանդակել անվտանգության ոլորտի իրավական ակտերի մշակմանը և ներդրմանը և ցուցաբերել մասնագիտական օժանդակություն։

Կանխատեսելով սույն դիմումին ձևական ընթացք տալը՝ տեղեկացնում ենք, որ, անկախ պետության կողմից աջակցության ցուցաբերումից, անվտանգության ոլորտի իրավական ակտերի ընդունումը ցանկացած անհիմն ձևով խոչընդոտելու դեպքում, այսուհետ հանրայնացվելու և օգտագործվելու են բոլոր օրինական միջոցները՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված տարբեր պաշտոնյաների անգործությունը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Միությունը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի կանխարգելի և կանխի տարբեր աղբյուրներից ծագող ռազմամարզական հասարակական միություններին կուսակցականացնելու փորձերը, դրանց մասին անհարգի խոսակցությունները, ատելության և ռասայական խտրականության դրսևորումները՝ այդ թվում խոսքը, բռնության կոչերը, կամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու կամ դրդելու փորձերը»։

Հայտարարության տակ ստորագրել են «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպության անդամները՝

· «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն

· «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

· «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

· ««Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» հասարակական կազմակերպություն

· «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպություն

· «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպություն

· Հրաչյա Արզումանյան` ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր

· Նարեկ Ներսիսյան՝ իրավաբան, ռազմական փորձագետ

· «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

· «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպություն

· «ՈՄԱ Վանաձոր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել