Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը.տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Խորհրդակցության նպատակն է եղել ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանոթանալ և քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին: ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաև ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ:

Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության և գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետևողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ»: Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առկա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում: «Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական որակավորման պահանջներին և չի հավատում իր կատարած գործի հաջողության,- նշել է նախարարը և հավելել,- դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ»:

Անդրադառնալով կրթական բարեփոխումներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է և այն այլևս մեր երկրի համար կայացած իրողություն է: Նախարարը նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով: Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհարաժեշտ որակովորում»,- ասել է նախարարը և հավելել, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կավարտվի 2016 թվականին: «Ապագայում մենք գնալու ենք ավելի հեղափոխական ռեֆորմների` դպրոցում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելով մագիստրոսական մանկավարժական կրթությունը»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:

Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ: Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների «ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել