Արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով, հայտնում են Արցախի կառավարությունից։

Ներսիսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։

«Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է պետնախարարը։

Նա տեղեկացրել է նաև, որ արդեն երրորդ օրն է՝ կասեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումները։ Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով արցախցիների հրատապ տեղաշարժի մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։

Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։

Մեկնաբանել