Փաշինյանն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության ղեկավարի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Փաշինյանն ու Միշելը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»,- տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Մեկնաբանել