Երևանում խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Գալուզինը առանձնազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններում խնդիրները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ։

«Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում մտահոգություն առաջացնող բարդությունների համատեքստում: Ընդգծվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների»,- նշված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը Գալուզինի հետ հանդիպմանը շեշտել է «2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը»։

Մեկնաբանել