Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա»:
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։
***
Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։ Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։
Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։