Սոնա Մնացականյանի մահվանից մեկ տարի անց․ ուր է հասել դատաքննությունը

2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ոչ Սոնայի, ոչ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։

Այս դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, սակայն, ինչպես վրաերթի մասնակից մեքենան, այնպես էլ վարչապետի ավտոշարասյան մյուս մասնակիցները չեն կանգնել ու չեն փորձել հիվանդանոց հասցնել երիտասարդ կնոջը։

Գործով ձերբակալվեց «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը։ Հարուցվեց քրեական գործ, որը մեղադրական եզրակացությամբ մտավ դատարան 2022-ի հոկտեմբերի 14-ին։

Ըստ նախաքննության արդյունքների՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ին, Արամ Նավասարդյանը իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից։ Հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ «թույլ է տվել ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այն է՝ ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը»։

Ըստ մեղադրանքի՝ Նավասարդյանը ստեղծել է «վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին»։

Այս քրեական գործը առ այսօր քննվում է առաջին ատյանի դատարանում։ Ներկայում դատարանում հարցաքննվում են վկաները։ Նրանք պատմել են, որ վրաերթից հետո Սոնա Մնացականյանը ողջ է եղել։ Առաջինը, ըստ ցուցմունքների, երիտասարդ կնոջը մոտեցել է «Նաիրի» ԲԿ-ի բժիշկ Գարսևան Մալխասյանը։ Նա այդ պահին տարածքում է եղել ու ձայներից հասկացել է, որ տեղի է ունեցել վրաերթ։ Ըստ ցուցմունքի՝ մոտենալուց հետո Մալխասյանը շոշափել է զարկը, նկատել, որ Սոնա Մնացականյանը շնչում է։ Նրա կարծիքով՝ վրաերթ կատարած մեքենան տեղում կանգնելու հնարավորություն ուներ։

Այս տարվա մարտին Վերաքննիչ դատարանը տվյալ գործով պարտավորեցրեց նոր քննություն իրականացնել՝ պարզելու, թե արդյոք մեղքի բաժին չե՞ն ունեցել շարասյան ղեկավարն ու պատասխանատու պաշտոնյաները։ Այս հանգամանքով շահագրգռված էին մահացած կնոջ հարազատներն ու փաստաբանը։ Նրանք պնդել են, որ քննությունը թերի է իրականացվել, իսկ մյուս պատասխանատուների մեղսակցության հարցն անգամ չի քննվել։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ​​անհետացել են ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։ Այս ուղղությամբ ևս, ըստ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի, բավարար քննություն չի իրականացվել։

Գևորգ Թոսունյան