«Հաղթանակ» զբոսայգու ապօրինի վաճառված 17 000 քմ հողամասը կվերադարձվի պետությանը

Վարչական դատարանը որոշել է բավարարել Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջ էր ներկայացվում առոչինչ ճանաչել «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցին հողամաս օտարելու քաղաքապետի որոշումը։

2006-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշման հիման վրա առքուվաճառքի պայմանագիր էր կնքվել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելիս» ընկերության հետ։ Ըստ դատախազության՝ այդ տարածքը, որպես «Հաղթանակ» զբոսայգու մաս, ընդգրկված էր հողային օրենսգրքով սահմանափակումների տակ ու չէր կարող օտարվել։ Ավելի քան 17 000 քառակուսի մետրի համար «Գոլդեն փելիս»-ը քաղաքապետարանին վճարել էր 281 միլիոն դրամ։ Վարչական դատարանը բավարարել է դատախազության հայցն ու առոչինչ է ճանաչել քաղաքապետի որոշումը։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ «Հաղթանակ» զբոսայգու այս հատվածի օտարման հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է նաև քրեական գործ, Երվանդ Զախարյանն ու քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը 2020-ից այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեին, հետագայում նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվեց, ապա նորից վերսկսվեց։

Դատարանում այս գործով որպես երրորդ անձինք ներգաված էին «Հայբիզնեսբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը։ Երկու բանկերն էլ դեմ են հանդես եկել Դատախազության հայցին և դիրքորոշում հայտնել, որ քաղաքապետի որոշումը առոչինչ ճանաչելու հիմքերը բացակայում են։ Բանն այն է, որ երկու բանկերն էլ վարկ են տրամադրել «Գոլդեն փելիս»-ին՝ որպես գրավ վերցնելով «Հաղթանակ» զբոսայգու այս հողամասը։ Այժմ որպես հետևանք անվավեր է ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ի հետ գրավի պայմանագիրը, իսկ «Արդշինբանկ»-ի հետ կնքված պայմանագրերն ու համաձայնագրերը անվավեր ճանաչելու պահանջները մերժվել են։

Մեկնաբանել