Հայաստանը շեշտակի ավելացնում է իր մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկում

Հայաստանն ավելացնում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կապիտալում իր մասնաբաժինը` 0,007%–ից դարձնելով 4,22%: Այդ նպատակով Հայաստանը Ռուսաստանից` ԵԶԲ-ի ամենամեծ բաժնետերից, կգնի բանկի 64 մլն դոլար արժողությամբ 64 000 հատ բաժնետոմս։

Երկու երկրների կառավարությունները կնքել են Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում ՌԴ մասնաբաժնի մի մասի առուվաճառքի մասին համաձայնագիր, որն այս տարվա մարտի 9-ին ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և վավերացման համար ուղարկվել է Ազգային ժողով:

Հայկական կողմը, ինչպես ԱԺ-ում ապրիլի 26-ին հայտարարել է Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պարտավորվում է առաջիկա չորս տարիներին ապահովել վճարումը` համապատասխան մասնաբաժիններով․ «2024-2027 թթ.-ին յուրաքանչյուր տարի Հայաստանը մասնաբաժիններ ձեռք բերելու նպատակով կվճարի 16 մլն դոլարին համարժեք ռուբլի»,- ասել է Հակոբյանը:

Հայաստանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ 2009-ի ապրիլին` բանկի կապիտալում կատարելով 100 հազար դոլարի չափով նախնական ներդրում: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալում յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1 000 դոլար: Այն հավասարազոր է բանկի կանոնադրական կապիտալում մեկ ձայնի: Կապիտալի մեծությունն ուղիղ համեմատական է ձայնի իրավունքի կշռին:

Յոթ մլրդ կանոնադրական կապիտալ ունեցող ԵԶԲ-ում ամենամեծ մասնաբաժինն ունեն ՌԴ–ն`4.6 մլրդ, Ղազախստանը` 2,3 և Բելառուսը` 69.2 մլն դոլար։ Տաջիկստանի մասնաբաժինը կազմում է 2,1 մլն, Ղրղզստանինը` 640 000։

Բանկի ներդրումային պորտֆելում, որը կազմում է 13,4 մլրդ դոլար, Հայաստանը առաջին տեղում է փոքր տնտեսություն ունեցող երկրների շարքում: Հայաստանին 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է 484,2 մլն դոլար:

Մեկնաբանել